Ես սավառնող եմ…


cropped-11.jpg

Կա մարդկային մի տեսակ, որ ավելի քան համոզված է, որ ինքն անփոխարինելի է:

Կա մարդկային մի տեսակ, ով կարևորում է ինքն իրեն, ով համոզված է, որ իր գոյությունն  այս աշխարհի համար բախտավորություն է:

Կա մարդկային մի տեսակ, որ կարող է ատել մյուս տեսակին միայն այն պատճառով, որ չի ընդունում իր տեսակի ամենա-ամենան լինելու փաստը:

Կա մարդկային մի տեսակ, որ մեծաբարբառ խոսում է, բայց այդ խոսքի հետևում դատարկություն է:

Մարդկային այդ տեսակը իր շոշափուկներով ընդհատակյա որոնում ու գտնում է, թե որտեղից կարելի է ավյուն քաշել, թե ում վրա կարելի է ապրել, թե ումով կարելի է իր գործը առաջ տանել:

Մարդկային այդ տեսակը մեծամիտ է, որովհետև գիտի, որ ինքն ամեն ինչ գիտի, ամեն ինչ բոլորից լավ գիտի, բայց իրականում դատարկ տակառի պես զնգում է:

Մարդկային այդ տեսակն ականջներ չունի ու չի կարողանում լսել: Մարդկային այդ տեսակը զրուցել չգիտի, միայն խոսող է: Լսել չգիտի:

Մարդկային այդ տեսակը երբեք առերես չի գործում, փնտրում է ու գտնում մութ ճանապարհներ: Նա թիկունքից է հարձակվում կամ քնած ժամանակ:

Մարդկային այդ տեսակը կարող է զոհել մարդկային մի ողջ խումբ՝ իր նպատակին հասնելու համար:

Մարդկային այդ տեսակը չունի բաց ճակատ: Մարդկային այդ տեսակը չի կարողանում ուղիղ նայել: Մարդկային այդ տեսակը աչքերի մեջ նայել չգիտի: Մարդկային այդ տեսակը …

Երանի չլիներ մարդկային այդ տեսակը:

Երբեք չեմ կարողացել մինչև անգամ ֆիզիկապես տանել սողացողներին:

Երբեք չեմ կարողացել տանել ճախրանք չունեցողներին:

Գետնի տակն ու ընդհատակը ինձ միշտ խորթ են եղել:

Ես սավառնող եմ: Վերևից եմ նայում մարդկային այդ տեսակին…

Բայց կուզեի, որ չլիներ մարդկային այդ տեսակը:

Оставьте комментарий